26.12.2013 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ, ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Թանկանգին հայրենակիցներ
Քաղաքապետարանի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում ամենայն բարիք, խաղաղություն ու երջանկություն: Պատմության գիրկն անցավ 2013 թվականը, որը նշանավորվեց խաղաղ, ստեղծարար աշխատանքով ու մեր հիշողություններում կմնա որպես առաջընթաց զարգացման տարի: Հաղթահարելով ոչ քիչ դժվարություններ ու փորձություններ, մեզ հաջողվեց ևս մեկ առաջընթաց քայլ կատարել անկախության կերտման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման ու տնտեսության զարգացման ճանապարհին: Տարին հոբելյանական էր: Ազգովի տոնեցինք Արցախյան ազատագրման շարժման 25-րդ տարեդարձը և Ստեփանակերտի անվանակոչման 90-ամյակը: Տարին նշանակալի էր նաև այլ առումներով: Իրագործվեցին քաղաքի փողոցների բարեկարգմանն ու կառուցապատմանը, ջրամատակարարման ապահովմանը միտված ծավալուն աշխատանքներ: Հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց Հանրապետական բժշկական կենտրոնը, որը տարածաշրջանում լավագույն բուժհաստատություններից մեկը կհանդիսանա: Ստեփանակերտցիների համար, պատմամշակութային հուշարձանների վերաժևորման տեսանկյունից, հիրավի, հիշարժան իրադարձություն էր բոլորիս հպարտությունը հանդիսացող <<Մենք ենք, մեր սարերը>> հուշակոթողի հանդիսավոր բացման արարությունը: Ստեղծագործություն, որի մեջ քանդակագործը մարմնավորել է արցախցիների կամքն ու ոգին, արիությունն ու տոկունությունը: Դրական տեղաշարժերն, իրոք, նկատելի են մայրաքաղաքում: Սակայն անելիքներն էլ շատ-շատ են: Քաղաքային իշխանությունները, երկրի ղեկավարության աջակցությամբ, այսուհետ ևս կանեն հնարավորը ստեփանակերտցիների կենսական խնդիրները լուծելու, կյանքն առավել բարեկեցիկ ու ապահով դարձնելու համար: Մեզնից յուրաքանչյուրն, անշուշտ, հույսեր է կապում Նոր տարվա հետ` ակնկալելով, որ մասամբ կիրականանան նվիրական մեր իղձերն ու ցանկությունները: Եվ, բնականաբար, առաջին հերթին կամենում ենք, որպեսզի Նոր տարին ստեփանակերտցիների, բոլոր արցախցիների, համայն հայության համար լինի խաղաղության ու բարօրության տարի: Համոզված եմ, որ դրսևորելով միասնություն և վճռականություն, մեզ կհաջողվի համատեղ առաջ շարժվել, կառուցել, առավել բարեկարգ ու գեղեցիկ դարձնել երազանքների մեր մայրաքաղաքը` ստեփանակերտցիներիս ընդհանուր տունը: Թող Նոր տարին մեր ժողովրդի համար դառնա իղձերի իրականացման և երջանկության տարի: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: |
< Վերադառնալ |