18.12.2013 ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՏՈՆԱԿԱՆ ԶԱՐԴԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼ Է ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ՎԱՌՎԵԼ ԵՆ ԵՐԿՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
Երեկ մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում վառելով հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, տրվեց Ամանորի տոնական միջոցառումների մեկնարկը: Համաքաղաքային այդ միջոցառմանը իր մասնակցությունն էր բերել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ամանորին և Սուրբ Ծննդյան տոնին նվիրված տոնական միջոցառումները հագեցած կլինեն ու կանցնեն պատշաճ մակարդակով: Ընդ որում, դրանց մասնակից կարվեն առավել մեծ թվով գեղարվեստական ընդունակություններով օժտված երեխաների, երիտասարդների, ամենատարբեր տարիքի անձանց, քան անցած տարիներին էր: Ասել է թե` ստեփանակերտցիները Նոր տարին կդիմավորեն հանրապետության տոնականորեն զարդարված գլխավոր տոնածառի շուրջ, ուր նրանց ուրախ երգ-երաժշտության ուղեկցությամբ շուրջպարի կհրավիրեն Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Մի խոսքով, ինչպես խոստանում են Ստեփանակերտի քաղաքապետարանի պատասխանատուները, << եթե Ամանորի գիշերն անգամ ցրտաշունչ լինի, ջերմության պակաս չի զգացվի>>... Դեկտեմբերի 17-ի դրությամբ քաղաքի գրեթե բոլոր փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում և պուրակներում ավարտված են լուսային էֆեկտների տեղադրման և տոնական զարդարման աշխատանքները: Բացի Վերածննդի հրապարակում տեղադրված հանրապետության համար 1 տոնածառից, զուգվել է նաև Ստեփանյան Շահումյանի անվան օղակաձև պուրակի սլացիկ եղևնին: Ամենուր` շենքերի ճակատային մասում տեղադրվել են գալիք Նոր տարին խորհրդանշող ձիու պատկերներ, Ամանորի տարբեր պաստառներ, դրոշներ, օրհնանքի խոսքեր` լուսային գունեղ լուծումներով: Տոնականորեն են զարդարված պետական հաստատությունները, հասարակական օբյեկտները, կրթօջախները, նրանց հարակից տարածքները: Իսկ Վերածննդի հրապարակում ճաշակով ձևավորվել է ընդարձակ բեմահարթակը, ուր տեղադրվել են ձայնային և լուսային սարքավորումներ, ինչպես նաև թվային հսկա էկրան: Հատկանշական է, որ մայրաղաքի <<Հաղթանակի>> հրապարակի տոնական զարդարման առաքելությունն այս տարի ստանձնել է Երևանի քաղաքապետարանը: Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից նախապես հաստատված Ամանորի միջոցառումների ծրագրի, մշակույթի և երիտասարդության պալատում դեկտեմբերի 24-28-ը երեխաների համար կկազմակերպվեն տոնական հանդիսություններ, որտեղ 1-5 տարեկան մանուկներին նվերներ կհանձնվեն:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |