16.12.2013 ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԼՂՀ <<ՄԱՅՐՈՒԹՅՈՒՆ>> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 16-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է ԼՂՀ <<Մայրություն>> հասարակական կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների` կառույցի ղեկավար Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ: Կազմակերպություն, որն Արցախյան ազգային-ազատագրական շարժման հասակակիցն է ու այս տարի բոլորեց ծննդյան 25-ամյակը: Քաղաքապետարանի անունից ողջունելով հյուրերին և բարձր գնահատելով կանանց դերը` տնտեսության ամենատարբեր ոլորտներում, երիտասարդ սերնդի դաստիարակության, բանակ-հասարակություն կապի սերտացման և, ընդհանրապես` պետականաշինության ամրապնդման, մշակութային, հոգևոր արժեքների ստեղծման ու լավագույն ավանդույթների պահպանման գործում, Ս.Գրիգորյանն ընդգծեց, թե <<Մայրությունը>> երկրում գործող այն հասարակական կազմակերպություններից է , որը միշտ էլ աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ և հայրենասիրական ձեռնարկումներով, վճռորոշ դերակատարություն ունեցել ինչպես ղարաբաղյան շարժման ժամանակ, այնպես էլ` պատերազմի ծանր տարիներին: <<Մայրերի խոսքը, նրանց պատգամը` զավակներին միշտ ոգեշնչել է ռազմական գործողությունների ժամանակ, համախմբել ժողովրդին` վճռական լինելու թշնամու դեմ պայքարում,- նշել է քաղաքապետը: -Այսօր էլ կառույցն իր բարձրության վրա է գտնվում ու շարունակում է մայրական վեհ առաքելությունը` նպաստելով Արցախի շենացմանը, մեր համընդհանուր խնդիրների լուծմանը: Քաղաքապետարանը միշտ պատրաստ է լսել և համատեղ քննարկել հասարակական հնչեղության այն հարցերը, որ մտահոգում են յուրաքանչյուրիս>>,- ասել է Ս.Գրիգորյանը, համոզմունք հայտնելով, թե <<Մայրությունը>>, որ պատվաբեր ճանապարհ է անցել, այսուհետ առավել սերտորեն կհամագործակցի քաղաքային իշխանությունների հետ: Կառույցի ղեկավար Հ.Միքայելյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է , թե կազմակերպությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, <<կձգտի ձեռքը միշտ մայրաքաղաքի զարկերակի վրա պահել>> և իր անմիջական մասնակցությունը բերել համաքաղաքային միջոցառումներին: Հանդիպմանը ներկա կենտրոնական խորհրդի անդամները հետաքրքրվել են Ստեփանակերտի հիմնախնդիրներով, իրենց տեսակետները հայտնել քաղաքում իրականացվող համալիր ծրագրերի վերաբերյալ:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |