29.11.2013 ՈՐՊԵՍԶԻ ԼԻԱԹՈՔ ՇՆՉԻ ՔԱՂԱՔԸ
Բարենպաստ եղանակները ձմեռնամուտի նախաշեմին աշնանը հրաժեշտ տալուց բացի, արդյունավետ աշխատելու և կիսատ մնացած գործերն ավարտին հասցնելու հնարավորություններ են ընձեռնում Ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգու ծաղկաբույծներին և բանվորներին, որոնք այս օրերին մայրաքաղաքի զբոսայգիներում և պուրակներում, փողոցներում հիմնականում զբաղված են ծառերի ու թփերի ձևավորմամբ և սանիտարական մաքրման աշխատանքներով: Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի, համայնքի տարածքում ներկայումս շարունակվում է վթարային ծառերի հատման ու երիտասարդացման, չորացած բույսերից ազատված ծաղկանոցների, կանաչ գոտու, հողատարածքների փխրեցման և պարարտացման գործընթացը: Նրա խոսքերով ընկերության ծաղկաբույծները միաժամանակ զբաղված են տնկարանների նախապատրաստման` հողային աշխատանքներով: Ջերմոցներն ազատվում են ավելորդություններից, փխրեցվում և սնուցվում, նախադրյալներ են ստեղծվում ցանքի ու առողջ սածիլների աճեցման համար: Ասել է թե` բուսաբանական այգու աշխատողներն իրենցից կախված հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի գարնան զարթոնքի հետ լիաթոք շնչի մայրաքաղաք Ստեփանակերտը և բնակիչները վերստին վայելեն կանաչ ու ծաղկուն զբոսայգիների և պուրակների հմայքը: |
< Վերադառնալ |