11.11.2013 ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ
ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿՀԻՄՆԱԴՐՎԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԱՅԳԻ Հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև համագործակցության և բարեկամության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի է անցել: Ու նոյեմբերի 11-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ստեփանակերտ ևս մեկ առիթ էր ունկնդրելու միմյանց, հանրագումարելու ունեցած ժամանակաշրջանում ձեռք բերված արդյունքները, քննարկելու առաջիկա ծրագրերը, հնչեցնելու նոր առաջարկություններ ու տեսակետներ, հստակեցնելու փոխհամագործակցության ուղիները: Ավանդույթի համաձայն Տարոն Մարգարյանը գործընկերոջ` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ այցելեց Հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին: Քաղաքապետները ծաղիկներ դրեցին նաև Արցախյան պատերազմում զոհված հայորդիների շիրիմներին:
Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացած հանդիպմանը ջերմորեն ողջունելով Երևանից ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են ամենատարբեր ոլորտների պատասխանատուներ /փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Երևան քաղաքի ավագանու անդամ Արմեն Երեմյանը և ուրիշներ/ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո Տարոն Մարգարյանի հիշյալ այցն առաջինն է, ու վերընտրվելու կապակցությամբ իր ու բոլոր ստեփանակերտցիների անունից շնորհավորելով նրան, մաղթեց արգասաբեր աշխատանք ու նորանոր հաջողություններ: Ս.Գրիգորյանը գոհունակությամբ արձանագրեց, որ մեկ տարի առաջ կողմերի միջև սկզբնավորված համագործակցությունը շարունակ ընդլայնվում, խորանում է: Փոխայցելությունները, որոնք ;պարբերական բնույթ են կրում, նպաստում են փորձի փոխանակմանը, ամենատարբեր ուղղություններում, դիրքորոշումների հստակեցմանն ու համատեղ ծրագրերի իրագործմանը: Նրահամոզմամբ, համագործակցության վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը միանգամայն նոր մակարդակի վրա է դրել երկու մայրաքաղաքների օրեցօր սերտացող բարեկամությունը>>, ինչը մասնավորապես արտահայտվում է Երևանի քաղաքապետ Տ.Մարգարյանի կողմից Ստեփանակերտին ցույց տրվող նյութական ու բարոյական աջակցությամբ, մի շարք ուշագրավ ձեռնարկումներով, որոնք նաև դուրս չեն մնում ստեփանակերտցիների տեսադաշտից; Առիթից օգտվելով, ՍուրենԳրիգորյանը Ստեփանակերտի քաղաքապետարանի, բոլոր համաքաղաքացիների և անձամբ իր անունից, շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետին ու համայնքապետարանի ողջ կոլեկտիվին` <<անկեղծ ու անշահախնդիր բարեկամության և աջակցության համար>>:
Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ստեփանակերտցի իր գործընկերոջը` ջերմ ընդունելության համար, և զարգացման տեսանկյունից կարևորելով երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման անհրաժեշտությունը, պարոն Մարգարյանը շոշափելի համարեց համագործակցության արդյունքում ձեռքբերումները, միաժամանակ ընդգծելով, թե Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է այսուհետ ևս աջակցել քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում առկա խնդիրների համատեղ լուծմանը, կառավարման որակի կատարելագործմանը, համաձայնագրում նախանշված ծրագրերի իրագործմանը: Եվ, որպես ասվածի վկայություն, Տարոն Մարգարյանը իրազեկեց իր կողմից Ստեփանակերտում իրականացվելիք միգեղեցիկ մտահղացման մասին: <<Արդեն մի քանի ամիս է, ինչ ամբողջանում է Ստեփանակերտ քաղաքում <<Ազատամարտիկների այգու>> հիմնադրման ծրագիրը,- ասաց նա: - Այսօր մենք այստեղ ենք այն իրագործելու կոնկրետ առաջարկով: Մտադիր ենք ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել կառուցվելիք զբոսայգու նախագիծը, ինչը հավանության արժանանալուց հետո գործնական ընթացք կստանա>>, նշեց քաղաքապետը` հավելելով, թե ծրագրի շինարարական մեկնարկը կտրվի 2014 թվականի գարնանը:
Տարոն Մարգարյանը հավաստիացրեց, թե <<ստեփանակերտցիները անակնկալների պակաս չեն զգալու>> և ինքը ձգտելու է հաճախ գտնվել իր բարեկամների կողքին և ուրախանալ նրանց ձեռքբերումներով: Քաղաքապետը ևս մի հաճելի ձեռնարկման մասին ակնարկեց. <<Ամանորի առթիվ Երևանի քաղաքապետարանը ստանձնել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի ձևավորման տոնական զարդարման առաքելությունը, որպեսզի պատերազմում հաղթած <<Արցախի ու մայրաքաղաքի բնակչության տրամադրությունը Նոր տարում բարձր լինի, հաղթական>>… Վերջում Երևանի ու Ստեփանակերտի քաղաքապետները հուշանվերներ են փոխանակել: |
< Վերադառնալ |