01.11.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԿԻՐԱՌՎԵՆ

Հագեցած էր Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հոկտեմբերի 31-ին կայացած նիստի օրակարգը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նիստում, ուր ավագանու քննարկման էր ներկայացված ԼՂՀ <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքով կանոնակարգվող հարցերի լայն շրջանակ, լսվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2013թ. բյուջեի 9-ամսվա կատարման մասին հաղորդումը, որով հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ տվյալների, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2013թ. 9 ամսվա բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 651339.2 հազ.դրամ, որը կազմում է պլանավորված գումարի 87.6 %-ը: Ընդհանուր մուտքերի 37.5 %-ը կազմել են սեփական եկամուտները: Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 59547.8 հազ.դրամ /նախատեսված 78389.7 հազ.դրամի 76.0 %-ը/: Հավաքագրված գումարից 5648.1 հազ.դրամը բռնագանձվել է դատական կարգով: Հողի հարկից գանձվող մուտքերը կազմել են 7090.9 հազ.դրամ /պլանավորվածի 84.7 %-ը/: 9 ամսվա բյուջեի կատարման ընթացքում փոխադրամիջոցներից գույքահարկի գծով պլանավորված 87234.0 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 76290.8 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 87.5 %: Ընդ որում, հավաքագրված գումարից 4581.7 հազ.դրամը բռնագանձվել է դատական կարգով: Միևնույն ժամանակ որոշակի աճ է արձանագրվել ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարների, ինչպես նաև ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից այլ պարտադիր վճարների մասով: Տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 41853.4 հազ.դրամ /կատարողականը կազմել է 102.4%/. իսկ պետական տուրքերի գծով պլանավորված 13735.0 հազ.դրամի դիմաց մուտքագրվել է 14109.4 հազ.դրամ: Այսինքն` նախատեսված պլանն իրականացվել է 102.7%-ով: Այլ հարկային եկամուտների գծով 9 ամսում մուտաքգրվել է 3995.9 հազ.դրամ և կատարողականը կազմել է 106.5 %:

Վարչական գանձումներից ապահովվող մուտքերը 14405.0-ի դիմաց կազմել է 22519.0 հազ.դրամ /կատարողականը` 156.3 %/: Քաղաքային համայնքի 2013թ. 9 ամսվա բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 656713.1 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 743790.5 հազ,դրամի 88.3 %-ը: Շենքերի և շինությունների կառուցման և կապիտալ վերանորոգման ու շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման ու պահպանման ծախսերն իրականացվել են 100%-ով:

Ընդհանուր առմամբ դրական համարելով համայնքային բյուջեի 9 ամսվա կատարողական միտումները, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, թե չնայած մի շարք եկամտահարկերի գծով զգալի աճ է արձանագրվել, այնուամենայնիվ, առանձին հարկատեսակների ապահովման տեսակետից արդյունքները գոհացուցիչ համարել չի կարելի: Նրա խոսքով, միայն այն իրողությունը, որ գույքահարկի մասով նախատեսվածից 18 մլն պակաս է հավաքագրվել, խնդիրը լրջորեն խորհելու առիթ է տալիս: Քաղաքապետը կարծում է, որ իրավիճակը կտրուկ փոխելու համար անբարեխիղճ հարկատուներին անհրաժեշտ է վարչական և իրավական պատասխանատվության ենթարկել ու անպայմանորեն  ապահովել անկնկալվող գումարների հավաքագրումը: Նա անթույլատրելի համարեց նաև վարձակալության դիմաց անհրաժեշտ վճարների գանձման դանդաղ ընթացքը` քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուներին պարտավորեցնելով կիրառել օրինախախտ վարձակալների նկատմամբ սահմանված պահանջները:

Նիստում վիճարկումների առիթ հանդիսացով համայնքի տարածքում ընտանի կենդանիներ և թռչուններ պահելու վերաբերյալ հարցի, մասնավորապես` վարձավճարների գանձմանն առնչվող խնդրի քննարկումը: Իր նկատառումներն հայտնելով հարցի շուրջ, քաղաքապետ Ս.Գրիգորյանն ընդգծեց, թե քաղաքապետարանը նպատակ է հետապնդում ոչ թե <<լրացուցիչ գումարներ ներգրավել բյուջե>>, այլև հստակ կանոնակարգել ընտանի կենդանիներ պահելու և խնամելու մասին քաղաքային համայնքի ավագանու կողմից հաստատված կարգը և փոխհամաձայնության գալ սեփականատերերի հետ` ստանձնելով որոշակի պարտավորություններ /այդ թվում` կապված սանիտարական մաքրության պահպանման հետ/: Ավագանին որոշեց յուրաքանչյուր  խոշոր եղջերավոր անասուն պահելու դիմաց, որպես վարձավճար, սեփականատիրոջից տարեկան գանձել 1000, իսկ մանր եղջերավորի դեպքում` 100-ական դրամ:

2013թ. 4-րդ եռամսյակի փոխհատուցման նպատակով, նիստում որոշում կայացվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 405 հազար դրամ գումար հատկացնել ավագանու անդամներին: Մեկ այլ որոշմամբ, քաղաքային համայնքի ավագանին իր համաձայնությունը տվեց, <<պահուստային ֆոնդ>> հոդվածով 6 մլն 154 հազար դրամ հատկացնել <<Վերանորոգման, շինարարության տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերությանը` հարկային պարտավորությունները մարելու նպատակով:

Ավագանու նիստում որոշում կայացվեց առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ տրամադրելու վերաբերյալ: Համանքի ղեկավարությանը հանձնարարվեց որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, մեկամսյա ժամկետում, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ կնքել բնակարանի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր` 10 տարի ժամկետով: Ավագանին իր համաձայնությունը տվեց նաև մի շարք քաղաքացիների` բնակարանները նվիրատվության կարգով օտարելու մասին որոշմանը: Հավելենք, որ գործող օրենքի համաձայն, իրավունքների պետական գրանցումն իրականացվում է քաղաքացիների միջոցների հաշվին:

Նիստում քննության առնվեցին ավագանու անդամների կողմից բարձրացված կենսական նշանակության մի շարք այլ հարցեր:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար