15.10.2013   ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆ Է ԲԱՑԱՀԱՅՏԵԼ և ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> և <<Քաղաքաշինության մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, ինչպես նաև օգտագործելով Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության լիազորությունները` քաղաքաշինության բնագավառում, քաղաքապետարանի քաղաքային տեսչությունը քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության հետ համատեղ, քաղաքապետի հանձնարարագրի հիման վրա ստուգումներ է իրականացնում մայրաքաղաքում` ելնելով քաղաքաշինական գործունեության բնագավառում իրավական ակտերի, քաղաքաշինական ու նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման անհրաժեշտությունից:

Ստուգումների ընթացքում քաղաքաշինության բնագավառում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ ներկայացվում են պարտադիր կատարման ենթակա հրահանգներ, տրվում համապատասխան ցուցումներ: Ստուգումների նպատակն է բացահայտել և կանխարգելել քաղաքաշինության բնագավառում թույլ տրվող իրավախախտումները և սեղմ ժամկետում վերացնել դրանք, ինչպես նաև բարձրացնել իրականացվող շինարարության որակը և կազմակերպչական աշխատանքների մակարդակը:

Ստուգումների արդյունքում, կապալառու կազմակերպությունները քաղաքապետարանի կողմից գրավոր ծանուցվել են շինարարական հարթակներում տեղ գտած թերությունների արագ շտկման մասին և զգուշացվել:

Քաղաքապետարանի քաղաքային տեսչության քաղաքաշինական և համաքաղաքային կանոնների պահպանման վերահսկողության բաժնի պետ Սամվել Ղուլյանի հավաստմամբ, գործընթացը շարունակական բնույթ է կրելու: