11.10.2013 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի ստեփանակերտցիներ Քաղաքապետարանի անձնակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ստեփանակերտի ավանդական օրվա և քաղաքի վերանվանման 90-ամյակի կապակցությամբ: Մենք, իրավամբ, հպարտանալու իրավունք ունենք մեր քաղաքի անցյալով ու ներկայով, նրա արժեքներով: Եվ այդ առումով, կարծում եմ, հոբելյաններն առիթ են հետադարձ հայացք ձգելու մեր անցած ճանապարհին և վերաարժևորելու այն: 1923թ. սեպտեմբերի 20-ին Բաքվի 26 կոմիսարների չարանենգ սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ հրավիրված հանրահավաքում միահամուռ որոշում կայացվեց` ի պատիվ Ստեփան Շահումյանի հիշատակի, մարզկենտրոնը Ստեփանակերտ անվանակոչելու մասին: Կազմավորման օրվանից, հաճախակի հայտնվելով փորձությունների և դժվարությունների հորձանուտում, մաքառել և պատվաբեր ուղի է անցել քաղաքը: Չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից նախկին մարզի ու նրա կենտրոնի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությանը, քաղաքի հայկական ճարտարապետական դիմագիծն ամեն կերպ խաթարելու և արմատներից կտրելու փորձերին, ի շնորհիվ Հայաստանի և Արցախի երևելի արվեստագետների ու ճարտարապետների ազգապահպան առաքելության, հոգևոր-մշակութային կյանքը, թեկուզև մեծ խոչընդոտների պարագայում, շարունակում էր գոյատևել: 1988-ի Արցախյան ազգային-ազատագրական շարժումը մեր ժողովրդի հոգևոր զարթոնքի սկիզբը հանդիսացավ, և Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ առավ ազատության համար պայքարի ելած զավակներին, նրանց համար դառնալով ոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված գործընթացները համակարգող կենտրոնակայան: Այս տեսանկյունից անգնահատելի է մայրաքաղաքի դերը` թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և միասնաբար պայքարելու գործում: Գրեթե 20 տարի է անցել ռազմական գործողությունների ավարտից: Ու մեզնից շատերը, որ ականատեսն ենք եղել մղձավանջային այն դաժան օրերի, մեր շուրջ գրեթե պատերազմի հետքեր չենք տեսնում, կամ պարզապես դրանք շատ չնչին են: Շինարակական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել հրապուրիչ: Հաջողվել է լուծել առաջնահերթ մի շարք խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ երազում էինք: Այսօր մենք ականատեսն ենք այն գործընթացների, որոնք կապիտալ շինարարության մասով իրականացվում են ամենատարբեր ոլորտներում:Աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններ են հանդիսանում բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, առողջապահությունը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցումն ու հիմնանորոգումը: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մնում ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգումն ու արտաքին լուսավորման խնդիրը: Եկող տարի ավարտին կհասցվի քաղաքի ջրամատակարարման ծրագիրը, ինչը կենսական մեծ նշանակություն ունի բնակչության համար:
Սիրելի համաքաղաքացիներ Որպես հանրապետության մայրաքաղաք, Ստեփանակերտը շարունակ առաջընթաց զարգացում պիտի ապրի, ինչին իր անձնական մասնակցությունը պիտի բերի մեզնից յուրաքանչյուրը: Չմոռանանք, որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը ձևավորվում է Ստեփանակերտում: Հետևաբար, մեր քաղաքը միշտ մաքուր և գեղեցիկ պիտի լինի բոլորի համար: Իսկ, որպեսզի կարողանանք հասնել դրան, առավել ուշադիր և սրտացավ պիտի գտնվենք նրա նկատմամբ, մեր աշխատանքով նպաստենք սիրելի մայրաքաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը: Թանկագին ստեփանակերտցիներ Օգտվելով առիթից, վերստին շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առթիվ, մաղթում նորանոր հաջողություններ, խաղաղ երկինք, երջանկություն: |
< Վերադառնալ |