07.10.2013   ՔԱՂԱՔԱՊԵՏ ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐՄԵՆԱՎԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՄԱՆԸ

Հոկտեմբերի 6-ին մայրաքաղաքի Արմենավան թաղամասի բնակիչների համար օրը բացվեց նշանակալի իրադարձությամբ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա  Ռոշբլուանի և գործարար Ժակ Մաթոսյանի հովանավարչությամբ թաղամասում հանդիսավորությամբ շահագործվեց նորակառույց մարզադաշտն ու Ֆրանսիայի և Արցախի բարեկամությունը խորհրդանշող շատրվանը: Բացման արարողությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը /ով և օրհնության իր խոսքը բերեց ներկաներին/, պետական այրեր,թաղամասի բնակիչները, հյուրեր Հայաստանից և արտերկրից: Այստեղ էր նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով հանդես եկավ շնորհավորական խոսքով և համայնքապետարանի, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն հայտնեց բարերարներին` գեղեցիկ նվերի համար: 

Իր խոսքում նա մասնավորապես ասաց. <<Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում  դարձյալ տոնական տրամադրություն է: Սեպտեմբերի սկզբներին մեկնարկած նշանակալի իրադարձությունների շարքը տրամաբանական իր շարունակությունն է ստանում և այսօր ընդամենը մի քանի օր առաջ մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվեց Հանրապետական նորակառույց բժշկական կենտրոնը, որին հաջորդեց <<Մենք ենք մեր լեռները>> բարեկարգ հուշահամալիրի պաշտոնական բացումը:Եվ ահա վերստին  հաճելի շարժառիթով ենք հավաքվել. մեր ժողովրդի լավագույն բարեկամներից մեկի` Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, Արցախի հետ բարեկամության շրջանակի հիմնադիր Ֆրանսուա  Ռոշբլուանի  և նրա  գործընկերների հովանավորչությամբ Արմենավան թաղամասում կառուցվել է ժամանակակից  մարզադաշտ, իսկ դիմացը գողտրիկ շատրվանն է, որը խորհրդանշում է արցախցիների և ֆրանսիացիների միջև սերտացող  բարեկամությունը: Երկուսն էլ գեղեցիկ նվեր են հանդիսանում մեր քաղաքի, նրա հինավուրց թաղամասերից մեկի` Արմենավանի բնակչության համար, որոնք համոզված եմ, որ պայծառ հիշողություններ կթողնեն  բարերարների  մասին>>:

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ Ստեփանակերտի կառուցապատման և զարգացման, մարդկանց կենսական նշանակության խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության ղեկավարության և քաղաքային իշխանությունների տեսադաշտում, և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում դրանց լուծում տալու համար: Այս համատեքստում մասնավորապես կարևորվում է ծայրամասային թաղամասերի բարեկարգման ու եթակառուցվածքների ապահովման խնդիրը, որը փուլառփուլ իր լուծումն է գտնում: Նա գոհունակությամբ ընդգծեց, որ նման ծրագրերի իրագործմանը պետության հետ  իրենց աջակցությունն են բերում ինչպես արտերկրի` ազգությամբ հայ, այնպես էլ` այլազգի  բարերարները: Նման բարեգործության ականատեսն են այսօր  Արմենավան թաղամասի բնակիչները:

Օգտվելով ընձեռնված հնարավությունից, Ս.Գրիգորյանը ջերմորեն շնորհավորեց ներկաներին նշանակալի իրադարձության կապակցությամբ: Միաժամանակ քաղաքային իշխանությունների և անձամբ իր անունից նա երախտագիտություն  հայտնեց պարոն Ռոշբլուանին`իրագործած մարդասիրական գեղեցիկ ծրագրի համար: Նա համոզմունք հայտնեց, որ նորակառույց մարզադաշտը կնպաստի երիտասարդների մարզական կարողությունների դրսևորմանը և ֆիզիկական կոփվածության ամրապնդմանը:

Վերջում քաղաքապետը, որպես հուշանվեր, Ֆրանսուա  Ռոշբլուանին հանձնեց նորակառույց մարզադաշտի թարմ լուսանկարը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի

 մամուլի քարտուղար