13.09.2013   Օրակարգում ներառված էին երկու հարց

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության օրակարգում ներառված էր գլխավորապես երկու հարց: Իսկ հանդիպմանը մասնակցում էին  ոչ միայն քաղաքապետարանի պատասխանատուները, այլև համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները:

Ինչպես հայտնի է, քաղաքապետի որոշմամբ սեպտեմբերի 27-ին նախատեսված է Ստեփանակերտ քաղաքում անցկացնել քաղաքացիական  պաշտպանության շտաբային ուսումնական վարժություններ: Այդ կապակցությամբ հանդես գալով տեղեկատվությամբ,Ստեփանակերտի  ՓՎՏՊ բաժնի պետ /շտաբի պետ/ Բ.Մելքումյանը ներկաներին ծանոթացրեց ծրագրի մանրամասներին` կարևորելով միջոցառման քաղաքական և պաշտպանական նշանակությունը: Ապա ծառայությունների պետերին տրվեցին մարտական առաջադրանքներ:

Խորհրդակցությունում  քաղաքապետ Ս.Գրիգորյանը համայնքապետարանի բաժինների պետերի ուշադրությունը վերստին սևեռել է քաղաքացիների հարկային պարտականությունների անվերապահ կատարման խնդրին, պահանջել վերահսկողություն սահմանել ծառայությունների դիմաց վարձավճարների հավաքագրման գործընթացի նկատմամբ, նպաստել քաղաքապետարանի բյուջեի մուտքերի ապահովմանը: Այդ կապակցությամբ պատասխանատուները կոնկրետ հանձնարարություններ ստացան:

Հաշվի առնելով, որ առաջիկայում տոնական հանդիսություններ  են սպասվում` կապված  Ստեփանակերտի օրվա /քաղաքի վերանվանման/ հետ, Սուրեն Գրիգորյանն անխուսափելի համարեց համաքաղաքային շաբաթօրյակի կազմակերպումը, ինչը պատշաճ մաքրություն կապահովի քաղաքում: Նա հավելեց, թե շաբաթօրյակի անցկացման օրը կհստակեցվի և շուտով կուրվագծվի աշխատանքների կազմակերպման ծրագիրը: 

 

Ստեփանակերտի քաղաքապետիմամուլի քարտուղար