09.09.2013 ԿՍՅԱՑԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
Ստեփանակերտի օրվա տոնակատարության, /քաղաքի վերանվանման/ կապակցությամբ ծրագրված միջոցառումների հստակեցման նպատակով սեպտեմբերի 6-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ կայացել է հանդիսությունների կազմակերպման հանձնաժողովի հերթական նիստը: Քաղաքապետը ներկաների ուշադրությունը հրավիրել է տոնական միջոցառումների ծրագրի վերջնական լրամշակմանը, հանձնաժողովի անդամներին տվել մի շարք հանձնարարություններ` մասնավորապես կապված հանդիսավոր արարողությունների, մշակութային ու մարզական միջոցառումների պատշաճ մակարդակի ապահովման հետ: Քաղաքի օրվան նվիրված մարզական միջոցառումները կմեկնարկվեն հոկտեմբերի 7-ին: Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կկայանա Ստեփանակերտի օրվան նվիրված հանդիսավոր երեկո: Հաջորդ օրը` հոկտեմբերի 12-ին տոնական միջոցառումները կսկսվեն Ս.Շահումյանի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրմամբ: Ս.Շահումյանի անվան պուրակում տեղի կունենա Արցախի նկարիչների միության /վերնիսաժ/, արվեստի դպրոցի և ՄՊՍԿ սաների աշխատանքների, ինչպես նաև փայտագործ-վարպետների հուշանվերների ցուցահանդես-վաճառք: Ասֆալտի վրա իրենց նկարչական շնորհքը կցուցադրեն երեխաները: Այնուհետև զբոսայգու շատրվանի շուրջ միասնական շուրջպար կբռնեն ստեփանակերտցիները: Նույն օրը կկազմակերպվեն համերգային ծրագրեր` քաղաքի տարբեր թաղամասերում: Նախատեսվում է քաղաքապետի և քաղաքապետարանի պատասխանատուների այցելություններ` ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների, անհայտ կորած ազատամարտիկների հարազատների, ԼՂՀ պատերազմի և աշխատանքի վետերանների միություն, <<Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն>> ՓԲԸ: Տոնական միջոցառումների շրջանակում ծրագրվում է շնորհավորանքների հղում, հատուկ մեքենաների շրջայց` տոնական երաժշտության հնչեցմամբ, նվերների/շապիկ, գլխարկ, կրծքանշանմ թղթե դրոշ, փուչիկ/ ձեռքբերում և բաժանում, շնորհավորական հաղորդագրության հղում: Ստեփանակերտի օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն Վերածննդի հրապարակում կայանալիք տոնական համերգով:
Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար |
< Վերադառնալ |