25.07.2013   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ ԱՎԱԳԱՆԻՆ ՀԱՍՏԱՏԵՑ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆՏԱՆԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՆՈ

Այսօր` հուլիսի 25-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը:

Օրակարգային մի շարք հարցերի թվում նիստում ներառվել էր նաև քաղաքային համայնքի ավագանու 2013թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին հարցը, որի վերաբերյալ հաղորդմամբ հանդես եկավ Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ինչպես ամրագրված է հաշվետվության մեջ, քաղաքային համայնքի 2013թ. 1-ին կիսամյակի բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են 408346.3 հազ.դրամ (պլանավորված 466256.7 հազ.դրամ գումարի 87.6 %-ը): Ընդ որում, ընդհանուր մուտքերի 39.5 %-ը կազմել են սեփական եկամուտները: Պլանավորված 173806.7 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 161346.3 հազ.դրամ (կատարողականը կազմում է 92.8%): Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 39950.8 հազ.դրամ: Հավաքագրված գումարից 4435.5 հազ.դրամը բռնագանձվել է դատական կարգով: Հողի հարկի մասով գանձվել է 4906.0 հազ.դրամ: 1-ին կիսամյակի բյուջեի կատարման ընթացքում փոխադրամիջոցներից գույքահարկի գծով պլանավորված 54684.0 հազ.դրամի դիմաց մուտքագրվել  է 51741.5 հազ.դրամ կամ կատարողականը կազմել է 94.6 %: Տեղական տուրքերի գծով պլանավորած 25628.4 հազ.դրամի փոխարեն մուտքագրվել է 22529.1 հազ.դրամ: Պլանավորված 8610.0 հազ.դրամի դիմաց պետական տուրքերի գծով մուտքագրվել է 8879.0 հազ.դրամ: Այսինքն` կիսամյակի առաջադրանքը կատարվել է 103.1 %-ով: Այլ հարկային եկամուտների գծով կատարողականը կազմել է 114.0 տոկոս: Կիսամյակի ընթացքում այլ եկամուտների գծով մուտքագրվել է 30659.8 հազ.դրամ` պլանավորած 28142.1 հազ.դրամի դիմաց (կատարողականը կազմել է 109 տոկոս):

Եթե վարչական գանձումներից գանձվող մուտքերը կազմել են 17332.1 հազ.դրամ կամ աճը կազմել է 2 անգամ, տույժերից և տուգանքներից մուտքերը կազմել են 4326.8 հազ.դրամ, ասել է  թե` կատարողականը կազմել է  121.2 տոկոս, ապա գույքի վարձակալությունից գոյացած եկամուտները ընդամենը 67.3 տոկոս է կազմել, ինչը, բնականաբար, մտահոգության առիթ է հանդիսանում: Շենքերի և շինությունների կառուցման ու կապիտալ վերանորոգման, ինչպես կառույցների ընթացիկ նորոգման և պահպանման ծախսերը կիսամյակի կտրվածքով իրականացվել են 100%-ով:

Իր նկատառումները հայտնելով քաղաքային համայնքի 2013թ. բյուջեի 1-ին կիսամյակի արդյունքների վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը դրական քայլ համարելով որոշ ցուցանիշների գծով առաջադրանքների կատարումը, միևնույն ժամանակ անթույլատրելի որակեց գույքահարկի մասով անհրաժեշտ եկամուտների ապահովման թերացումը: Նրա կարծիքով, անհանդուրժելի է դրամական միջոցների հավաքագրման նման դանդաղ ընթացքը, երբ մայրաքաղաքում չլուծված բազմաթիվ խնդիրներ կան և դրանց լուծումը մասնավորապես պայմանավորված է բոլոր եկամտատեսակների անվերապահ կատարմամբ ու քաղաքային բյուջեի մուտքերի ապահովմամբ: Ս.Գրիգորյանը քաղաքապետարանի համապատասխան բաժինների պատասխանատուներին հանձնարարեց այդ ուղղությամբ սեղմ ժամկետում անհրաժեշտ վերլուծություններ կատարել ու դատարանի միջոցով իրենց պարտականություններից խուսափող անձանց և կազմակերպությունների նկատմամբ  տույժ կիրառել:

Ավագանին հաստատեց քաղաքային համայնքի 2013թ. 1-ին կիսամյակի կատարման վերաբերյալ հաղորդումը:

Երրորդ եռամսյակի փոխհատուցման նպատակով, ավագանին որոշում կայացրեց Ստեփանակերտի քաղաքային  համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից լրացուցիչ 90 հազար դրամ ավագանու անդամներին հատկացնելու մասին: Նիստում որոշում ընդունվեց քաղաքային համայնքի 2013թ. 9 ամսվա բյուջեից (<<պահուստային ֆոնդ>>-ի միջոցներից) 3մլն 385 հազար դրամ <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնելու վերաբերյալ` հարկային պարտավորությունները մարելու նպատակով:

Քաղաքային համայնքի ավագանին ուժը կորցրած ճանաչեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2007թ. դեկտեմբերի 13-ին << Ստեփանակերտ քաղաքում խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր պահելն արգելելու>> 2010թ. սեպտեմբերի 9-ի << Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2007թ. դեկտեմբերի 13-ի որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին>>, ինչպես նաև 2013թ. մարտի 21-ի <<Ստեփանակերտ քաղաքի բազմաբնակարան շենքերի բակում և հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ընտանի թռչուններ պահելն արգելելու մասին>> որոշումները:

Ավագանին մեկ այլ որոշմամբ հաստատեց Ստեփանակերտ քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու համքաղաքային կանոնները: Սույն որոշմամբ փաստորեն կարգավորվում են Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու հետ կապված հարաբերությունները: Կանոնների մեջ ամրագրված են ինչպես ընտանի կենդանիներ պահողի իրավունքներն ու պարտավորությունները, հաշվառումը, այնպես էլ` կենդանիներին խնամելու, զբոսանքի իրականացման և վաճառքի պայմանները: Ըստ որոշման, 6 ամսվա ընթացքում անասուններ խնամողները /անասնատերերը/ պետք է ներկայանան քաղաքապետարան և հաշվառման ու պարտավորությունների հետ կապված` ձևակերպեն համապատասխան փաստաթղթերը:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար